ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Մեր թատրոնի հայրենիքը Հայաստանն է

Մեր թատրոնի հայրենիքը Հայաստանն է
11.07.2008 | 00:00

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը 150 տարեկան է։
Թբիլիսիի հայ հասարակայնությունը վրաց արվեստագետների հետ հանդիսավորությամբ նշեց Վրաստանի մայրաքաղաքում 150 տարի առաջ ծնունդ առած Հայկական պետական դրամատիկ թատրոնի հոբելյանը:

Մեծ է եղել Անդրկովկասի մշակույթի այս նշանավոր կենտրոնի դերը հայ թատերական արվեստի ավանդույթների հաստատման, ազգաբնակչության գեղարվեստական ճաշակի զարգացման, հայ և համաշխարհային դասական գրողների լավագույն երկերի բեմականացման գործում: Այստեղ են իրենց տաղանդի ուժը փայլուն կերպով դրսևորել հայ բեմի երախտավորներ Պետրոս Ադամյանը, Սիրանույշը, Հովհաննես Զարիֆյանը, Գևորգ Չմշկյանը, Ազնիվ Հրաչյան, Վահրամ Փափազյանը, Հովհաննես Աբելյանը, Արուս Ոսկանյանը, Օլգա Գուլազյանը և դերասանական արվեստի շատ երևելիներ: Նրանք են հայ հանդիսատեսին առաջին անգամ ներկայացրել Շեքսպիրի, Սունդուկյանի, Շիրվանզադեի, Շիլլերի, Գրիբոյեդովի, Գոգոլի, Լերմոնտովի անմահ ստեղծագործությունները: Շուրջ մեկ ու կես դար գործելով հայրենիքից հեռու` այնուամենայնիվ, թատրոնն անբաժան է եղել մայր ժողովրդից և նրա հոգևոր արժեքներից, պահպանել նրա լեզուն, ոգու վեհությունն ու գեղարվեստական մտածողությունը՝ շարունակելով հայ թատերգությունը հարստացնել մնայուն գործերով: Այս թատրոնից են սերել և հետագայում հայտնի թատրոններում ու կինոյում իրենց տաղանդը դրսևորել Ստեփանոս Քափանակյանը, Աշոտ Քաջվորյանը, Լևոն Քալանթարը, Հասմիկը, Ավետ Ավետիսյանը, Բաբկեն Ներսիսյանը և այլ տաղանդավոր արտիստներ: 1921 թվականից Թբիլիսիի Ս. Շահումյանի անունը կրող հայկական պետական դրամատիկական թատրոնը, որը երկու տասնամյակ առաջ վերանվանվեց Պետրոս Ադամյանի անվամբ, մշտապես հանդես է գալիս հայաստանյան (Երևան, Վանաձոր, Գյումրի) բեմերում: Հավատարիմ մնալով հայ մշակույթի օրինաչափություններին և լինելով իր ու հայկական այլ թատրոնների համար դերասան-դերասանուհիների պատրաստման մկրտարան՝ հոգևոր այդ օազիսն ազգային բեմարվեստը շարունակում է հարստացնել նոր բեմադրություններով:
Իրենց 150-ամյակը պետրոսադամյանցիները նշանավորում են ստեղծագործական փայլուն նվաճումներով՝ խաղացանկում դասականի հետ համադրելով ժամանակակից թատերգության մեջ ծնունդ առնող նոր գործեր: Զուգահեռաբար թատրոնը պատրաստվում է սեպտեմբերին առաջին անգամ հանդես գալ նաև ԱՄՆ-ի հայ համայնքի առջև: Կներկայացվեն Գ. Սունդուկյանի «Պեպոն» ու «Խաթաբալան», Սարոյանի «Քարանձավի բնակիչները», Օ՚ Նիլի «Սերը ծփիների տակ», Գուրգեն Խանջյանի «Ավերակների պահակները», Արմեն Բայանդուրյանի «Աղջկաս փեսացուները», Շենոյի «Դուք ողջ լինեք» ստեղծագործությունները: Թատերական փոքրաթիվ խումբը դրանք բեմադրելու է Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Գլենդելում, Ֆրեզնոյում, Բոստոնում, Վաշինգտոնում, ինչպես նաև Կանադայում: Ծրագիրն ամիսներ առաջ կազմվել է ամերիկահայ համայնքի հետ համատեղ: Վերջինս հանձն է առել նաև դեկորացիաների և բեմադրությունների հետ կապված լրացուցիչ ծախսերը:
«Ինչպիսի՞ն է հայկական թատրոնի այսօրվա վիճակը»,- հարցով սկսվեց մեր զրույցը թատրոնի տնօրեն-կարգադրիչ ՖԵԼԻՔՍ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:
-Թատրոնն այսօրվա, մեղմ ասած, ոչ նպաստավոր պայմաններում շարունակում է ստեղծագործական վերելքը, և դա Վրաստանի ու Հայաստանի կառավարությունների ցուցաբերած ամենամյա աջակցության ու հոգատարության շնորհիվ է: Հայաստանի կառավարության տրամադրած գումարներով վերականգնվել է թատրոնի շենքը, կահավորվել դահլիճը: Գալիք տարում դարձյալ Հայաստանի հովանավորությամբ կվերանորոգվի, կնորացվի բեմական մասը` զինվելով ժամանակակից տեխնիկայով:
-Ի՞նչ կասեք թատրոնի ստեղծագործական կազմի մասին:
-Թատրոնի շուրջ 40-հոգանոց կոլեկտիվի կեսից ավելին երիտասարդներ են, մնացածը՝ միջին և ավագ տարիքի փորձառու դերասաններ: Կորիզը մեր մեծերն են՝ ժողովրդականներ, վաստակավորներ Սերիկ Շեկոյանը, Ասյա Ժամկոչյանը, Ժիրայր Կարապետյանը, Սուրեն Եղիազարյանը, Ավետիք Սանոսյանը: Հպարտությամբ կարող եմ ասել նաև, որ սերնդափոխությունը կատարվում է աննկատ, առանց անառողջ երևույթների: Մենք մեր կադրերը պատրաստում ենք տեղում՝ եռամյա դասավանդման ստուդիաներում և Շոթա Ռուսթավելու անվան պետական ինստիտուտի հայկական դերասանական ֆակուլտետում: Դասավանդումը, որն անցկացվում է ինստիտուտի շենքում և թատրոնում, տալիս է նպատակային արդյունք: Ավարտածները համալրում են թատրոնի դերասանական կազմը:
-Կներկայացնե՞ք թատրոնի խաղացանկը։
-Տարվա ընթացքում թատրոնը ներկայացնում է իր բոլոր 28 գործերը: Դրանք ամեն ամիս փոփոխում ենք հանդիսատեսի պահանջներից ելնելով: Խաղացանկում ընդգրկված են հոգեհարազատ Սունդուկյանի «Պեպոն», «Խաթաբալան», «Քանդած օջախը», Շիրվանզադեի «Նամուսը», «Չար ոգին», Պարոնյանի «Պաղտասար աղբարը», «Ատամնաբույժն արևելյան»-ը, Դեմիրճյանի «Քաջ Նազարը», Շեքսպիրի «Օթելլոն», Թումանյանի «Հեքիաթները»: Խաղացանկում են նաև ժամանակակից` Գ. Խանջյանի «Ավերակների պահապանները», «Գերեզմանատան երգչախումբը», Կ. Խոդիկյանի «Հեռացող գիշեր», Ա. Վահունու «Շան կյանք» և այլ պիեսներ: Ներկայումս կոլեկտիվը սեպտեմբերյան թատերաշրջանի համար պատրաստում է նոր բեմադրություններ, որոնց թվում է նաև Սունդուկյանի «Բաղնիսի բոխչան»:
-Տեղացի հայ հասարակայնությունն ինչպե՞ս է արձագանքում Ձեր ներկայացումներին:
-Պիտի ասեմ, որ 600-տեղանոց դահլիճը Թիֆլիսի հայկական հեռուստաընկերության գովազդների և հայալեզու դպրոցների կազմակերպչական աշխատանքների շնորհիվ համարյա միշտ լեփ-լեցուն է լինում: Թարգմանչական տեխնիկայի առկայությունը հնարավորություն է տալիս ներկայացումներին հյուրընկալել նաև վրացիների և ռուսների: Բոլոր առաջնախաղերին ներկա են լինում մեր վրացի կոլեգաներն ու մշակույթի գործիչներ:
-Իսկ տեղի հայ երիտասարդնե՞րը:
-Ներկայացումներին նրանց թիվն այնքան էլ մեծ չէ: Բոլոր երկրների պես մեզանում ևս երիտասարդները հրապուրվում են շոուներով: Մեր հիմնական հանդիսատեսն այսօր միջին տարիքի ու տարեց մարդիկ են:
- Ձեր թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Արմեն Բայանդուրյանը վերջերս ընտրվեց Վրաստանի Ազգային ժողովի պատգամավոր։ Ի՞նչ հույսեր եք փայփայում թատրոնի հարցում նրա գործունեության հետ կապված:
-Համոզված ենք, որ խորհրդարանում մեր ղեկավարի լինելը հնարավորություն կընձեռի մեզ հուզող հարցերը հնչեցնել ԱԺ բարձր ամբիոնից, նաև ավելի հաճախ հանդիպել Հայաստանի կառավարության, մշակույթի նախարարության ներկայացուցիչների հետ՝ նպաստելով երկուստեք կապերի զարգացմանն ու սերտացմանը: Մեր թատրոնի հայրենիքը Հայաստանն է, մեր Կաննը և Փարիզը՝ Երևանը, որտեղ հանձնում ենք բեմական քննությունները, ստանում նաև «օսկարներ» ու կոչումներ: Հուսով եմ, որ Հայաստանից մեր ակնկալիք կոչումները մոտ ապագայում իրողություն կդառնան: Դերասանի կյանքը, բացի ծաղիկ ու ծափերից, իմաստավորվում է նաև կոչումներով: Իսկ Վրաստանն այսօր կոչումներ ընդհանրապես չի շնորհում:

Զրուցեց Աստղիկ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ
Երևան-Թբիլիսի-Երևան

Դիտվել է՝ 7629

Մեկնաբանություններ